Դեռ մեկ տարի առաջ երկիր ու հանրապետություն էինք, հայրենիքում ապրող ու մաքառող ժողովուրդ՝ արցախահայություն:
Մեծ դավադրության, մատնության ու անարդարության զոհը դարձանք: Հիմա ընկճված ու հուսաբեկված, բռնատեղահանված ու տանջահարվող ժողովուրդ ենք՝ Հայաստանի քաղաքներում ու գյուղերում ծվարած, մեծամասամբ՝ դեպի դուրս ուղղված հայացքով: Արցախահայությունը ցիրուցանվում է, իսկ մեզնից փոքր-ինչ հեռու, անհասանելի դարձած մեր անկենդան հայրենիքն է, ուր մնացել են մեր սուրբ ննջեցյալները:
Այո, հիմա նրանք են հսկում մեր բարձիթողի երկիրը, և թշնամին այնտեղ հապճեպ իր դիվային ջնջումներն ու սրբագրումներն է անում:
Մեր ննջեցյալները մեզ տուն են կանչում: Պիտի գնանք՝ զենքով լինի, թե խաղաղ եղանակով: Բայց մենք լավ գիտենք, թե ինչպես են լինում նման վերադարձները:
Մենք կարող ենք և պարտավոր ենք այդ վերադարձը իրականություն դարձնել: Այնպես, որ այլևս, թեկուզ և խորհրդանշական կարգով, չլինի առանձին Արցախի Հանրապետություն, այլ լինի միասնական Հայաստան իր Արցախով:
Մեր հիշողությունն ու նվիրական ապրումներն առ Արցախ զորացնենք հիմա, որ տունդարձի համար հզոր կռվաններ ունենանք: Որ տեսանելի ապագայում տոնենք Արցախի միավորումը Հայաստանի հետ:
Եվ այդ օրը հետագայում մշտապես նշվի որպես ամենակենսունակ և գործող տոնական օր:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ